Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 10 страница



Ահա նորից երկնքից իջավ խորհրդավոր զամբյուղը։ Մեծ քույրը դարձյալ դուրս մեկնվեց զամբյուղից ու սկսեց դիտել չորս կողմը. Հարավ նայեց, հյուսիս նայեց, արևելք նայեց, արևմուտք նայեց, ներքև՝ գետնին նայեց։

— Էստեղ, մարդ չկա,— ասավ. —արջամուկն էլ չեմ տեսնում, բայց դարձյալ պիտի զգույշ լինենք։

Եվ ահա դուրս եկան նրանք ամենքը, պար բռնեցին ու սկսեցին երգել ու զարկել փոքրիկ թմբուկները, որ օձի կաշվից էին շինած։ Էսպեսով հասան հենց մկան բնին, մեծ քույրը ձեռքը վեր բարձրացրեց, բոլորը միասին կանգ առան ու շունչները պահեցին։ Ապա թե ոտով գետնին զարկեց, ականջ դրեց ու ասավ.

— Էստեղ առաջվա նման խուլ չի հնչում։ Երևի էսօր օտար հյուր կա մկների մոտ։— Նորից գետինը դոփեց ու կանչեց.

— Դո՛ւրս եկեք, երևացեք դո՛ւք, փոքրիկ դավաճաննե՛ր, թե չէ ձեր բունը կքանդենք։



Բայց մեր մուկը արդեն անցք էր փորել, որ դուրս էր գալիս ուղիղ հենց շրջանագծի մյուս կողմը։ Եվ մինչդեռ աղջիկները նրան շրջանի ներսն էին որոնում, նա իր ճուտերով արդեն փախչում էր շրջանից դուրս մարգերում։

Աղջիկները վազեցին ետևներից, որ սպանեն մկներին, ամենքը վազեցին, բացի փոքրը, որ չէր կարող սպանել՝ ինչ ուզում էր լիներ։ Էս ժամանակ Բարձր փետրավորը դուրս եկավ մկան բնից, առավ իր մարդկային կերպարանքը, մոտեցավ աղջկանը, բռնեց նրա երկու ձեռքից ու ասավ.

— Արի գնանք մեր տունը, սիրուն աղջիկ, ու եղիր իմ կինը։ Էնտեղ պար կբռնես հնդիկ աղջիկների հետ, ես որս կանեմ, կբերեմ քեզ համար, մերս կեփի ու տունը կկառավարի, և դու մեզ մոտ ավելի երջանիկ կլինես, քան էնտեղ՝ երկնքում։

Աղջիկը կամավորվում էր։

Երկնային աղջիկները եկան հավաքվեցին, շրջապատեցին իրենց քրոջը, սկսեցին աղաչել, որ էնպես բան չանի, նորից իրենց հետ գնա վերև երկինք՝ իրենց տունը, բայց նա նայեց, նայեց երիտասարդին ու ասավ.

— Կգամ քեզ հետ, գնանք, ուր որ ուզում ես։

Մնացած քույրերը ցավալի լացով ու սուգով բարձրացան դեպի երկինք, անհետացան կապուտակ երկնքում, իսկ Բարձր փետրավորը իր Աստղ-կնոջը բերեց իրենց վրանը Կովի գետի ափերին։ Իր երկնային հարսին տեսնելով, շատ ուրախացավ երիտասարդ որսկանի մերը, բայց որդու ականջին շշնջաց.

— Երբեք չհեռանաս քո կնոջից, եթե ուզում ես դրան պահես, ուր որ գնաս, հետդ տար անբաժան։

Էնպես էլ արավ երիտասարդ որսկանը։ Իր կնոջ համար էլ նետ ու աղեղ շինեց ու միշտ հետը որսի էր տանում, բայց կինը երբեք չէր հոժարում նետ արձակելու, երբեք չէր ուզում սպանի, ինչ շունչ կենդանի ուզում էր լիներ, և երբեք որսի միս չէր ուտում, եթե սպանում էին ուրիշները։ Նա անտառներում ու մարգագետիններում միայն մոռ, մորի, հաղարջ և ուրիշ պտուղներ էր քաղում ուտում, մին էլ բրինձ։ Էսպես էր ապրում։

Մի անգամ էլ, երբ կինը զբաղված էր իր ձեռագործով և փետուրներից ասղարուր աստղեր էր շինում իր տոնական զգեստի վրա, իսկ որսկանի մերը գյուղի մյուս ծերին զրույց էր անում իր ծանոթների վրանում, որտեղից որ էր ներս թռավ մի փոքրիկ դեղին թռչնակ, վեր եկավ Բարձր փետրավորի ուսին ու ականջին ծլվլաց.

— Ձեր մոտիկ լճի վրա վեր է եկել վայրի կարապների երամը։ Եթե չուշանաս, շուտ հասնես և զգույշ մոտենաս, կարող ես նրանցից բռնել, թե չէ՝ ուր որ է կթռչեն։ Միայն կնոջդ չիմացնես։ Կարմիր կարապները կանանց տանել չեն կարող։ Ձեռաց հոտը կառնեն, թեկուզ մի մղոնի վրա, ու կթռչեն։

Բարձր փետրավորը ոչ թե կարմիր կարապ չէր տեսել իր օրում, այլ չէր էլ լսել, թե կարմիր կարապ կլինի։ Իր գլխի կարապի կարմիր փետուրն էլ ինքն է ներկել։ Մտիկ արավ, տեսավ կինը զբաղված է իր ձեռագործով ու գլուխը քաշ արած աստղեր է ասեղնագործում, կամաց դուրս սահեց, մտածելով, թե էնպես շուտ կվերադառնա, որ նա իսկի չի իմանալ, թե երբ գնաց, երբ եկավ։ Բայց դուրս գնաց թե չէ, վրանը ներս թռավ էն դեղին թռչնակը, թառ եղավ կնոջ ուսին ու ականջի տակին սկսեց երգել մի հրաշալի երգ, թե ինչպես են ապրում նրա քույրերն էնտեղ երկնքում։ Ու չքնաղ կինը, որ մի ժամանակ աստղերի վրա էր ապրել, հիշեց երկնային կյանքն ու իր անցած երջանկությունները, մոռացավ երկրային ամեն բան, վեր կացավ, քամու նման թռավ դեպի նվիրական շրջանը, հենց էնտեղ հասավ, որ քույրերը իջնում էին երկիրը։ Տեսնելով իրենց քրոջը՝ շրջապատեցին ու սկսեցին աղաչել, որ իրենց հետ վերադառնա երկինք — տուն։

— Բայց Բարձր փետրավորը լավ մարդ է ու ինձ շատ է սիրում, ի՞նչպես թողնեմ նրան,— ասավ աղջիկը։

Մեծ քույրը տեսնելով, որ փոքրը դժվարանում է թողնել ամուսնուն, ասավ.

— Դե մնա, եթե չես կարող բաժանվել նրանից, բայց խնդրում եմ, գոնե մի ժամով մեզ հետ երկինք բարձրացիր մեր հորը տեսության։ Էն օրվանից ինչ դու հեռացել-իջել ես երկիր, նա շարունակ դարդ է անում։

Չէր կամենում գնալ փոքր քույրը, բայց էնքան էր հորը կարոտել, որ անունը լսելուն պես մտավ խորհրդավոր զամբյուղը մի անգամ էլ նրան տեսնելու համար։ Հեր ու աղջիկ որ իրար տեսան, երկուսն էլ շատ ուրախացան ու խոսեցին, խոսեցին, էնքան խոսեցին, որ կապուտակ երկինքը մթնաժոռեց, ու աղջիկը հիշեց, որ ուշացել էր, պետք է նորից իջներ երկիր, իր ամուսնու մոտ։

— Էդ երբեք չի լինի,— ասավ հերն աղջկանը. փակեց նրան մի մեծ սպիտակ ամպի մեջ ու հայտնեց, թե դուրս չի թողնելու էն ամպից, մինչև չի խոստանա, որ էլ չի վերադառնալ երկիր։ Աղաչեց, պաղատեց աղջիկը, բայց իզուր։ Ապա թե լաց եղավ, ու սկսեց արտասվել, արտասուք թափել էնքան առատ, որ սպիտակ ամպն էլ մթնեց ու սկսեց արտասուք թափել նրա հետ։ Հերը տեսավ, որ եթե շարունակի փակած պահել, աղջիկն արտասուքով կողողի երկիրը, բաց թողեց։

— Ի՞նչ անեմ,— ասավ,— որ մնաս մեզ մոտ ու երջանիկ ապրես։

— Իմ ամուսնուն էլ բեր երկինք,— պատասխանեց աղջիկը։

Ու երկիր իջեցրեց նվիրական զամբյուղը երկնային ծերունին։

Բայց ի՞նչ եղավ Բարձր փետրավորը։

Լճի ափը գնաց Բարձր փետրավորը, տեսավ կարմիր-կարմիր կարապների մի գեղեցիկ բազմություն։ Երկուսին սպանեց, մնացածը փախան։ Սպանած կարապներն առավ, շտապեց վրանը։ Եկավ տեսավ ձեռագործը կիսատ ընկած ու կինը չկա։ Սկսեց կանչել, պատասխան չկա։ Սպանած կարմիր կարապներն ուսով գցած վրանից դուրս վազեց դեպի խորհրդավոր շրջանը՝ էնտեղ էլ չկար։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 41 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.008 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>