Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 9 страница



Անվե՜րջ-անհատնում։

Ու միանգամից հարստանում են։

Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը։ Նախանձում է հարևանների բախտին։ Հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։

— Ես էլ կերթամ ծիտիկի մոտ,— ասում է ու ճամփա ընկնում։

Գնում է գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում.

— Ահա երկու զամբյուղ, մինը ծանր, մյուսը թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար։

Պառավը միտք է անում՝ որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր ծանր զամբյուղը տուր ինձ։

Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում ղեպի տուն։

Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնքալով տանում է։

Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում։

Տանում է տուն։ Տանում է, ագահ-ագահ բաց է անում։



Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդակ–անճոռնի չար ոգիները, տեղն ու տեղը խեղդում չար պառավին։


 

ԱՍՏՂԵՐԻՑ ԻՋԱԾ ԿԻՆԸ

(ՀՆԴԿԱԿԱՆ)

Հին ժամանակները, երբ դեռ Հնդկաստանում չէին երևացել սպիտակ մարդիկ իրենց հրացաններով, երբ դեռ նրա ճոխ ու ընդարձակ հովիտներում խաղաղ արածում էին գոմեշների երամակները, երբ դեռ աստղերն էլ մոտ էին երկրին ու չքնաղ, կենդանի արարածներ էին, և հաճախ իջնում էին մարդկանց մոտ, ահա էն ժամանակներից եմ պատմում։

Էն ժամանակները կովի գետի ափին ապրում էր մի ջահել որսկան։ Նա սիրում էր կարմիր ծաղիկներն ու կապույտ երկինքը։ Եվ մինչդեռ ուրիշները կաշվե բաճկոններով էին որսի գնում, նա կարմիր հուլունքներով զարդարած կոշիկներ էր հագնում, երեսը նախշում էր կարմիր շերտերով ու շրջանակներով, ինքն էլ էնպես վառ ու նախշուն զուգվում-զարդարվում, ինչպես վառ ու նախշուն զուգված են երկինքն ու երկիրը։ Մազերի մեջ էլ միշտ կրում էր կարմիր կարապի փետուր, դրա համար էլ նրան կանչում էին Բարձր փետրավոր։

Մի անգամ իր նետ ու աղեղով զինված Բարձր փետրավորը գնում էր անտառով։ Մի կանաչ բացատում նկատեց մի հետք՝ մանր ոտնատեղեր, որ երբեք չէր տեսել իր կյանքում։ «Ի՜նչ արարած է սա արդյոք, ո՞րտեղից է եկել և ո՞ւր է գնացել»,— զարմացած հարց տվեց ջահել որսկանը։ Էն հետքը բռնեց ու գնաց։ Ավելի զարմանքը մեծացավ, երբ տեսավ հետքը շրջան անելով եկավ էլի էնտեղ, որտեղից սկսել էր ու գնացել։

— Ինչ ուզում է լինի, պետք է իմանամ ինչ արարած է սա,— վճռեց ու պառկեց էն շրջանի մեջ բարձր խոտերում ու ծաղիկներում և մտածում էր անհայտ արարածի ու նրա ոտնատեղերի վրա՝ հայացքով խորասուզված կապույտ երկնքի մեջ։

Մին էլ նկատեց՝ հենց իր վերևում, երկնքի խորքում, մի փոքրիկ կետ։ Սկզբում արծվի տեղ ընդունեց, բայց հետզհետե իջնելով մեծացավ, մեծացավ կետը, ու մին էլ տեսավ՝ մի զամբյուղ իջավ երկնքից։ Թփերի ետևից նայեց, զամբյուղից դուրս եկան տասներկու հրեղեն-փարեղեն աղջիկներ՝ հագած երկնակապույտ ծփծփուն թափանցիկ հագուստներ։ Զամբյուղից դուրս եկան մինը մյուսի ետևից և դալարի ու ծաղիկների մեջ սկսեցին պարել ու երգել, երգել էն տեսակ հրաշալի երգեր, որ Բարձր փետրավորը իր օրում երբեք չէր լսել։

Էստեղ Բարձր փետրավորը էլ չկարաց համբերի, իր թաքստից դուրս թռավ, ընկավ նրանց շրջանը ու բացականչեց.

— Թողե՛ք, թողե՛ք, ես էլ երգեմ ու պարեմ ձեզ հետ... Աղջիկները վախից ճչացին, վազեցին դեպի իրենց զամբյուղը, իրար ետևից թռան զամբյուղի մեջ, ու զամբյուղը արագությամբ վերացավ դեպի երկնքի խորքը ու հետզհետե փոքրանալով, անհետացավ, կորավ երիտասարդ որսկանի աչքից։

Երիտասարդը վերադարձավ իրենց խրճիթը։ Մերը նրա համար գոմեշի միս էր խորովել, բայց չկարաց ուտի, ուշք ու միտքը էն տասներկու աղջիկների հետ գնացել էր դեպի երկինք։

Շատ խնդրեց մերը, որ պատմե, թե ինչ է պատահել։ Սկզբում չէր ուզում, բայց վերջը պատմեց ամեն բան ու հայտնեց, որ չի հանգստանալ, մինչև էն աղջիկներից մինը կին չբերի իրեն։

— Դրանք անպատճառ աստղաբնիկներից են,— ասավ որսկանի մերը, որ նշանավոր կախարդ էր։— Դու ավելի լավ կանես մեզանից մի հնդիկ աղջիկ ուզես քեզ համար կին։ Էլ մի մտածիր աստղաբնակ աղջիկների վրա, թե չէ գլխիդ մի փորձանք կբերես։

— Ոչ մի դժբախտություն ու ոչ մի դժվարություն ինձ չեն վախեցնում, միայն թե կարենամ Աստղաբնակ ադջկանը ինձ կին առնեմ,— պատասխանեց որդին։— Եվ ես պետք է հասնեմ նրան, թեկուզ էդ քաշի մինչև աշխարհքի վերջը։

— Եթե հաստատ էդպես ես վճռել, թո՛ղ քո ասածը լինի,— ասավ մերը ու մյուս առավոտը մի կտոր արջամկան մորթի կարեց տղի գլխի փետուրին, խրատ տվեց ու էնպես ճանապարհ դրեց դեպի կախարդական շրջանը։

Շրջանը մտնելուն պես երիտասարդը դարձավ արջամուկն ու խոտերի մեջ տապ արավ, սպասեց։

Մի ժամանակ դարձյալ նկատեց նույն կետը երկնքի խորքում։ Հետզհետե մեծացավ կետը, իջավ-իջավ ու վերջապես իջավ գետնին, էլի նույն տեղը։

Աղջիկներից մեծը ուշադրությամբ դիտեց չորս կողմը՝ արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ։

— Կարծես էսօր էստեղ մարդ չկա,— ասավ նա ու բոլորը զամբյուղից դուրս թռան։ Հենց ուզում էին սկսեն իրենց պարը, որ փոքր աղջիկը արջամկանը նկատեց ու ցույց տվեց մեծին։

— Շո՛ւտ, շո՛ւտ, փախե՛ք էստեդից,— ճչաց մեծը.— հասարակ արջամուկը երբեք չէր համարձակվի մտնել մեր նվիրական շրջանը։ Արջամկան կերպարանքի տակ անշուշտ մի կախարդ է թաքնված։

Բարձր փետրավորը վրա չհասցրեց գոնե մի խոսք ասի կամ իրենից ձգի արջամկան մորթին, որ զամբյուղն արդեն՛ թռչում էր երկնքում։

Երիտասարդը տուն վերադարձավ սաստիկ տխուր ու կոտրված։

— Մի՛ հուսահատվիր, ո՛րդիս,— ասավ մերը։— Մսեղեն մի՛ ուտիլ, էդ շատ է վնասում մեզ ու փչացնում է մեր հմայքները։ Գնա՛, եթե սով զգաս, մորի կեր միայն։

Ապա թե մի մկան բեղի ծեր կարեց որդու գլխի կարմիր փետուրին ու ճանապարհ դրեց։

Սոված, ճանապարհին մորի ուտելով հասավ ու կախարդական շրջանը մտավ երիտասարդը։ Մտավ թե չէ, մուկ դարձավ, բարեկամացավ մի մկան ընտանիքի հետ ու իջավ նրանց բունը։ Մկների մերը խոստացավ ամեն բանում օգնել նրան։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 27 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.008 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>