Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 17 страница



— Լսի՛ր, Վասիլի՜սա, միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսքը։ Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ։ Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես։ Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար անես քո ցավին։

Ասում է, աղջկանը համբուրում ու մեռնում։

Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուզ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա։ Ու ամուսնանում է մի մեծ այրի կնոջ հետ։ Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում։

Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում։ Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա։ Մի խոսքով՝ օր չեն տալի։



Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն-օրի վրա լցվում, լավանում է. այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում։

Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը։ Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում։

Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար։ Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր.

— Տիկնիկ ջան, ա՛ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Հորս օջախումը ապրում եմ ես
Միշտ անխնդում ու լուռ էսպես։
Իմ խորթ մերը խաթուն-խանում
Ինձ աշխարհքից դուրս է անում։
Ասա՛, հո՛գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։

Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ։ Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր, ռւ մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած։

Էսպես մի քանի տարի անց է կենում։ Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու։ Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա։ Չար կինը ավելի է կատաղում, ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում՝ թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ։ Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում։

Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում։ Խորթ մերն ուրիշ տուն է փոխվում։

Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի Կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր։ Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է՝ Կախարդի ճանկն ընկնի։ Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում Կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ-առողջ վերադառնում է տուն։

Էսպեսով հասնում են աշունքը։ Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի, էն էլ՝ դաս։ Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ։ Էս կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի։

Աղջիկները բանում են։ Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է՝ իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի։ Ուղղելու փոխարեն, իբրև թե հանկարծ, լույսը հանգցնում է։ Դու մի՛ ասիլ՝ մերն է սովորեցրել, որ էդպես անի։

— Հիմի ի՞նչ անենք,— ասում են աղջիկները։— Լույս չկա, դասներս էլ կիսատ են։

— Ի՞նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք Կախարդ պառավից կրակ բերենք։

— Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս, կրակն ի՞նչ եմ անում, ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ,— ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում։

— Ես էլ չեմ գնալ,— էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում,— ինձ իմ միլերի լույսն էլ է բավական։

— Դե՛ վեր կաց դու գնա,— միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային։— Գնա՛ Կախարդ պառավից կրակ առ բեր։

Վասիլիսան վեր է կենում գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում.

— Տիկնիկ ջա՛ն, ա՛ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Ինձ ղըրկում են կրակ բերեմ չար պառավից,
Չար պառավը կուտի հո ինձ...
Ասա, հո՛գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։

Տիկնիկը որ ուտում է պրծնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է.

— Մի՛ վախենար, Վասիլիսա. ուր որ ղրկում են՝ գնա, միայն թե ինձ հետդ պահիր։ Ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի անիլ։

Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութն անտառը։ Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի, հետը գնում է, հետը դողում։ Մին էլ էն է տեսնում՝ մի սպիտակ ձիավոր ցոլաց ու անցավ, ինքը սպիտակ, հագինը սպիտակ, ձիու սարքը սպիտակ, ու սկսեց ծեգել։

Մի քիչ էլ գնում է, տեսնում՝ հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ, ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էստեղ էլ արևը բացվեց.

Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս էն բացատը, որտեղ կանգնած է լինում Կախարդ պառավի խրճիթը։ Խրճիթի չորս կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ-էնտեղ վրեն ցից հանած մարդկային գանգեր։ Դարպասի սյուների փոխարեն մարդկային ոտներ, փակիչի տեղը՝ ձեռներ, կողպեքի տեղակ՝ ատամները վրեն ծնոտներ։

Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում։ Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագինը սև, տակինր սև. քշած գալիս է ու Կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում։ Ու վրա է հասնում գիշերը։ Բայց ցանկապատի վրա ցից հանած գանգերի աչքերը լույս են տալի մթնում, ու բացատն էնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ։ Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում որ կողմը փախչի, մնում է մեխված։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 27 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.007 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>