Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 18 страница



Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում, ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է. դու մի՛ ասիլ՝ Կախարդ պառավն է, անտառից դուրս է գալիս։

Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով։ Գալիս է դռանը կանգնում, չորս կողմի վրա հոտոտում ու իրեն-իրեն վռչում.

— Թո՛ւհ, թո՛ւհ, թո՛ւհ, մարդ-մարդահոտ է գալիս... ո՞վ կա էստեղ...

Վասիլիսան էն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում.

— Ես եմ, նա՛նի ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ կրակի։

— Լա՛վ, լա՛վ,— ասում է Կախարդը,— ճանաչում եմ ինչ պտուղներ են։ Դե ինձ մոտ կացի ու աշխատի։ Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ նրանց համար, թե չէ՝ քեզ էլ կուտեմ։

Հետո դառնում է իր դարպասին ու ճչում.

— Հե՜յ բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացե՛ք, լեն դարպասնե՛ր...



Դռները իսկույն բացվում են։ Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են։

Ներս են մտնում թե չէ, Կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում.

— Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ։

Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար հետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում։ Ուտելիքն էնքան է լինում, որ տասը ոոգի ուտեին հերիք կաներ։ Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի։ Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի։ Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում.

— Լա՛վ մտիկ արա հա՜, առավոտը որ ես կերթամ, դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես։ Միայն թե տե՛ս, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ՝ քեզ կուտեմ։

Պատվիրում է ու քնում։ Վասիլիսան պառավի թերմացքը տանում է դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում.

— Կե՛ր, տիկնի՛կ ջան, անո՛ւշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Չար պառավը իմ ուժից վեր
Տվել է ինձ ծանըր գործեր.
Անեմ՝ էնքան ես ուժ չունեմ,
Չանեմ՝ կուտի, ես ի՞նչ անեմ...
Տիկնիկը պատասխանում է.

— Մի՛ վախենար, սիրուն Վասիլիսա։ Հաց կե՛ր, աղոթի՛ր ու քնիր։ Լույսը կգա՝ բարին հետը։

Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են։ Ահա ցոլաց և սպիտակ ձիավորն ու լույսը բացվեց։ Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը, ցոլաց կարմիր ձիավորը՝ արևը ծագեց։ Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով։

Վասիլիսան էլ ետ մնում է մենակ։ Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա։ Ապա սկսում է միտք անել, թե ի՛նչպես անի, որ պառավի պատվերը կատարի։ Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորենի միջի վերջին տերեփուկներն է ջոկում։

— Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վա՛սիլիսա,— ասում է տիկնիկը ու մտնում գրպանը։

Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին։ Սկսում է մթնաժոռել։ Դարպասի առջև սևին է տալիս սև ձիավորն ու ակնակիր մութը կոխում է գետինը։ Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում։

Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ. պառավը գալիս է։ Վասիլիսան դուրս է գալի դեմը։

— Հը՜, ամեն բան պատրա՞ստ է, թե չէ։

— Պատրաստ է, նա՛նի ջան, արի՛ քո աչքովը տես,— պատասխանում է Վասիլիսան։

Պառավը ներս է մտնում տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա։ Ասում է.

— Դե՛ լա՛վ,— ու ճչում է.— իմ ընկերնե՛ր, իմ աջ ձեռնե՛ր, եկեք, տարեք, իմ աղունն աղացեք։

Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում։

Պառավն ուտում, է կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս, ասում է.

— Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան՝ հորիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ։ Չեմ իմանում, թե ո՛վ է հղղն ու խաշխաշն իրար խառնել։

Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում։

Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում.

— Աղոթի՛ր ու քնիր, Վասիլիսա,— պատասխանում է տիկնիկը.— լույսը կգա՝ բարին հետը։ Ամեն բան պատրաստ կլինի վաղը։

Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում։ Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում.

— Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար։

Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռներ, խաշխաշն առնում են տանում։

Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին։

— Ինչո՞ւ չես խոսում,— հարցնում է Կախարդը,— էնպես լուռ ու մունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա։

— Չեմ համարձակվում խոսել, նա՛նի ջան,— պատասխանում է Վասիլիսան.— իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ։

— Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիր՝ լավ չի, որ ամեն բան իմանաս, շատ իմանաս՝ շուտ կպառավես։

— Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նա՛նի ջան, ինչ որ աչքով տեսել եմ։ Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս՝ ինքը սիպտակ, հագինը սիպտակ, տակինը սիպտակ, էն ո՞վ է էն ձիավորը, նա՛նի ջան։

— Էն իմ պայծառ օրն է,— պատասխանում է Կախարդը։

— Հետո տեսա մի ուրիշ ձիավոր՝ ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էն ո՞վ է։

— Էն էլ իմ կարմիր արևն է։

— Իսկ էն սև ձիավորն ո՞վ է, որ քո դարպասի դռանը վրա հասավ. ինքը սև, հագինը սև, տակինը սև։

— Էն էլ իմ մութը գիշերն է։ Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են։

Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռներն ու լռում։

— Էլ ինչո՞ւ չես բան հարցում։

— Էս էլ հերիք էր, նա՛նի ջան։ Չէ՞ դու ինքդ ասիր՝ թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 28 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.01 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>