Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Литературный клуб «Елакет» norserund.org/literary_club 34 страница



— Վա՜յ, ի՜նչքան վախեցա... ի՜նչ մութ էր գելի փորումը...

Նրա ետևից էլ տատն է դուրս գալիս, նա էլ էր դեռ կենդանի, բայց դժվար էր շունչ քաշում։

Էստեղ Կարմրիկը շտապով մեծ-մեծ քարեր է հավաքում, էն քարերով բերում են գելի փորը լցնում։ Գելը զարթնում է, ուզում է տեղիցը թռչի, դուրս փախչի, բայց քարերից այնքան ծանրացել էր, որ տեղն ու տեղը վեր է ընկնում, գետնովը դիպչում, սատկում։

Ամենքն էլ էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ էլ լեզվով ասել չի լինի։ Որսկանը գիլի մորթին պոկում է, վեր կալնում գնում, պառավը նստում է, սկսում է Կարմրիկի բերած գաթեն ուտել, գինին խմել ու քիչ-քիչ ուժի գալ, իսկ Կարմրիկը մտածում է.

— Չէ, էս մինը բավական էր, էլ երբեք ճամփից դուրս չեմ գալ ու մենակ անտառն ընկնիլ, երբ որ մայրիկը չի թողնում։

Ասում են սրանից ետը՝ մի անգամ էլ Կարմրիկը երբ որ իր տատի համար թխվածք է եղել տանելիս, մի ուրիշ գել է ուզեցել նրան համոզի, որ ճամփիցը դուրս գա։ Բայց Կարմրիկն զգուշացել է ու իր ճամփեն է գնացել։ Երբ որ տատի մոտ է հասել՝ պատմել է, թե հապա՝ էսպես մի գել պատահեց ինձ ճամփին, բարևեց, բայց էնպես չար աչքով էր նայում, որ թե ճամփի մեջ չլինեինք, հավատա, թե ինձ ուտեր... Տատն ասել է.



— Վա՜յ, Կարմրիկ ջան, կաց դուռը փակենք, որ չլինի թե էդ գելը գա հանկարծ։

Մի քիչ կենում են, տեսնում են գելը դուռը ծեծում է ու ձեն է տալիս.

— Տա՛տի, դուռը բաց արա, ես Կարմրիկն եմ, քեզ համար գաթա եմ բերել...

Տատն ու Կարմրիկը ոչ պատասխան են տալիս, ոչ դուռը թաց են անում։ Սրանից ետը գելը մի քանի անգամ էլ տան չորս կողմովը պտույտ է գալիս ու բարձրանում կտուրը։ Էնտեղ սպասում է, թե երբ պետք է իրիկունը Կարմրիկը դուրս գա իրենց տունը գնալու, որ բռնի ուտի։ Տատը գլխի է ընկնում նրա մտքինը։

Դռանը, հենց տան պատի տակին մի մեծ կոթ է լինում ջրով.

Կարմրիկին ասում է.

— Կարմրի՛կ ջան, էստեղ մսի խաշու կա, վեր կալ էս խաշուն, տար ածա կոթի մեջը։

Կարմրիկը մսի խաշուն տանում է ածում դռան մեծ կոթի մեջը, էնքան, որ կոթը պռնգե-պռունգ լցվում է։

Էս խաշվի հոտը վեր է բարձրանում ընկնում գիլի քիթը։ Գելը փնչացնում է, վերևից սկսում է ծիկրակել, թաքուն նայել դեպի ներքև, վիզը ձգո՛ւմ, է ձգո՛ւմ է, էնքան ձգում է, որ էլ չի կարողանում իրան պահի, թըր՚մփ, ընկնում է ուղիղ կոթի մեջը՝ խեղդվում: Կարմրիկն էլ ուրախ-ուրախ վեր է կենում գնում իրենց տունը. Էն է լինում էն, էլ ճամփին ոչ ոք ձեռք չի տալիս նրան։


 

ՄՈԽՐՈՏԸ

(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)

Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է մահը մոտենում է՝ կանչում է իր մինուճար աղջկանը, ասում է.

— Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ։

Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։

Ձմեռը գալիս է, ձյունը սպիտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը, իսկ գարնան արևը շողալուն պես հերը ետնակին է ուզում, աղջկա համար խորթ մեր է թերում։ Խորթ մերն հետը երկու աղջիկ է բերում, դրսից սիրուն ու ներսից չար ու սևահոգի։ Ու խորթ աղջկա համար սկսվում են սև օրերը։

— Մի՞թե էս կուռկուռն էլ մեզ հետ միասին պետք է տանը պարապ-սարապ նստի։ Ով ուզում է հաց ուտի, պետք է աշխատի։— Ասում են խորթ քույրերն ու տանիցը դուրս են անում, քշում խոհանոցը։ Լավ շորերն ու կոշիկները հագիցը հանում են, հին քուրչեր ու փետե ոտնամաններ են հագցնում. ծափ են տալիս՝ վրեն ծիծաղում.— «Մի էս իշխանուհուս մտիկ արեք է՜, տեսեք՝ ոնց է զուգվել, զարդարվել...»

Խեղճ աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր։ Առավոտը ծեգին պետք է վեր կենար ջուր կրեր, կրակ աներ, կարեր, կարկատեր, եփեր, թափեր։ Խորթ քույրերն էլ շարունակ նրան վշտացնում էին ու վիրավորում, ծաղրում էին, ընտրած ոսպն ու սիսեռը շաղ էին տալիս, մոխիրն էին ածում, ու նա նորից պետք է նստեր հատիկ-հատիկ հավաքեր։

Իրիկուններն էլ, երբ որ բանը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջին՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում ու դրա համար էլ քույրերը ավելի անունը դրին Մոխրոտ։

Մի անգամ էս Մոխրոտի հերը, ուրիշ տեղ գնալիս, խորթ աղջիկներին հարցնում է, թե՝ ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ։ Մինն ասում է — «Ինձ համար սիրուն շորեր բեր»։ Մյուսն էլ, թե — «Ինձ համար մարգարտե մանյակ բեր»։

----Իսկ դու, Մոխրոտ ջան, դո՞ւ ինչ կուզես, որ քեզ համար բերեմ։

Մոխրոտն էլ ասում է.

— Հա՛յրիկ, էն ծառի ճյուղը, որ վերադարձիդ կդիպչի քո գլխարկին, էն ճյուղը կտրի ու բեր ինձ համար։

Հերը գնում է խորթ աղջիկների համար լավ շորեր է առնում, մարգարտե մանյակ ու թանկագին քարեր է առնում ու ճամփա ընկնում դեպի տուն։ Վերադարձին մի ծմակով անց կենալիս մի ընկուզենու ճյուղ դիպչում է գլխարկին, գլխարկը վեր գցում։ Էն ճյուղն էլ կտրում է հետը վերցնում, որ Մոխրոտին տա։ Տուն է հասնում, խորթ աղջիկների ուզածներն իրենց է տալիս, ընկուզենու ճյուղն էլ տալիս է Մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալ է լինում հորից, տանում է էն ընկուզենու ճյուղը մոր գերեզմանի վրա տնկում ու լաց է լինում։ Էնքան լաց է լինում, էնքան լաց է լինում, որ արտասուքով էն տնկած ընկուզենու ճյուղը ջրում է։ Ու ընկուզենու ճյուղը դուրս է գալիս, մեծանում, մեծ ծառ է դառնում։

Մոխրոտը օրը երեք անգամ գնում է էն ծառի տակ լաց է լինում ու աղոթք անում։ Ամեն անգամ էլ մի ճերմակ թռչուն գալիս է էն ծառին վեր գալիս ու, Մոխրոտն ինչ որ սրտով ուզում է, էն սրտով ուզածը վերևից գցում է ներքև։

Մի անգամ էլ թագավորը մի հանդես է սարքում, որ երեք օր երեք գիշեր պետք է քաշեր։ Իր տերության բոլոր գեղեցիկ աղջիկներին հրավիրում, հավաքում է էն հանդեսին, որ իր տղեն նրանց միջիցը իրեն համար հարսնացու ընտրի։ Խորթ քույրերը որ իմանում են իրենք էլ են հրավիրված, ուրախանում, աշխարհքով մին են լինում, Մոխրոտին ձեն են տալիս.— «Արի՛, Մոխրո՛տ, արի՛, մեր մազերը սանրի, մեր կոշիկները սրբի, մեր կոճակները մեր գցի, գնում ենք թագավորի պալատը խնջույքի»։


Дата добавления: 2015-10-21; просмотров: 29 | Нарушение авторских прав







mybiblioteka.su - 2015-2024 год. (0.008 сек.)







<== предыдущая лекция | следующая лекция ==>